6 սեպտեմբերի 2011 - 18:58 AMT
«Անելիք Բանկն» ու Պետեկամուտների կոմիտեն որոշել են ներմուծողների համար թեթևացնել մաքսազերծման գործընթացը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկի» «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում:

«Էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացումից առայժմ կարող են օգտվել միայն իրավաբանական անձինք: «Բանկ-Հաճախորդ» համակարգի համար սահմանված ցածր սակագները թույլ կտան մեր հաճախորդներին թեթևացնել իրենց ապրանքների մաքսազերծման պրոցեսը` խնայելով բանկ կամ մաքսատուն հաճախելու համար ծախսվող ժամանակը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:

«Բանկ-Հաճախորդ» համակարգից օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար սահմանվել է 4000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 900 ՀՀ դրամ, իսկ ամսական վճար միայն դիտարկման դեպքում իրավաբանական անձանց համար` 2000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 400 ՀՀ դրամ, էլեկտրոնային ստորագրության գեներացիան և տրամադրումը կատարվում է անվճար: