7 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT
Անդրեյ Արեշև. Ղարաբաղի մասին ադրբեջանցիների հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան բառախաղ

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար իրավական հիմքերի վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետ Էլման Նասիրլիի հայտարարությունները քարոզչական պատերազմի հերթական դրսևորումնէ, որը խարխլում է առանց այդ էլ փխրուն հարաբերությունները տարածաշրջանում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

«Որքան շատ են նման հայտարարությունները, այնքան քիչ է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ առաջարկների ընդունմանը հասնելու հնարավորությունը»,- նշել է փորձագետը: Ավելին, Արեշևը միջնորդների կողմից Հայաստանին խաղաղության պարտադրելու վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետի հայտարարությունները որոշ չափով տարօրինակ է համարել, «քանի որ Ադրբեջանն ինքն էլ գիտի Կազանում հանդիպման ձախողման պատճառը»: Բացի դրանից, ռուս քաղաքագետի կարծիքով, դա ապակառուցողական մոտեցում է խնդրի լուծմանը: Անդրադառնալով ռազմական գործողություններ սկսելու իրավական հիմքի մասին Նասիրլիի հայտարարություններին` Արեշևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է դիտարկվի համալիր կերպով, այլ ոչ թե հատվածների մեջբերմամբ: «Դա բառախաղ է»,- հավելել է նա: