Իրանի գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի հրավերով սեպտեմբերի 3-ից 5-ը Իրանում էր գտնվում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երկու երկրների նախարարները քննարկել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա հարցեր, որոնք վերաբերում էին երկրագործության, անասնապահության, բուսաբուծության և այլ ոլորտներին:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ գյուղանտեսության նախարարությունների միջև 2011 – 2012 թթ. համագործակցության գործնական ծրագիր: Սերգո Կարապետյանը փոխադարձ այցով Հայաստան է հրավիրել իր իրանցի գործընկերոջը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրանի Քարաջ քաղաքի գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն` ծանոթանալով վերջինի և դրա չորս մասնաճյուղերի գործունեությանը: Այստեղ Սերգո Կարապետյանին ներկայացվել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բույսերի նոր սորտերի ստացման հնարավորությունները:
Այցելություն է եղել նաև Իրանի մշակաբույսերի և սերմերի բարելավման ինստիտուտ, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմին հետաքրքրող սերմերի որոշ տեսակներ Հայաստան ներկրելու և տեղում դրանց փորձարկումը իրականացնելու վերաբերյալ: ԻԻՀ Ղոմ նահանգ կատարած այցի ընթացքում Սերգո Կարապետյանը եղել է գյուղանտեսական ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում` ծանոթանալով նաև ձիթենու օրգանիկ արտադրության և վերամշակման տեխնոլոգիաներին: