8 սեպտեմբերի 2011 - 21:25 AMT
Ղարաբաղի հարցով միջնորդները գործողությունների ծրագիր են մշակել Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 7-ին հանդիպել են Վիեննայում, որպեսզի քննարկեն և համակարգեն գործողությունների ծրագիրը նախքան ԵԱՀԿ նախարարների խորհուրդը, որը կկայանա դեկտեմբերին Վիլնյուսում:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, համանախագահները նաև Մինսկի խմբին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների կառավարությունների հետ գերագույն մակարդակում շարունակական բանակցությունների, ինչպես նաև համապարփակ հաշտության պայմանագրի համար որպես հիմք հիմնարար սկզբունքների ընդունման շուրջ կոնկրետ ջանքերի մասին:

Սեպտեմբերի 8-ին համանախագահները խաղաղ գործընթացի այդ և մյուս կողմերի հետագա քննարկման համար հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: