8 սեպտեմբերի 2011 - 22:39 AMT
Դավիթ Հովհաննիսյան. Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս

Դժվար է հասկանալ կամ գնահատել Սիրիայում տեղի ունեցող դեպքերը երրորդ ուժերի միջամտության տեսանկյունից, ինչպես դա եղել է Լիբիայում: Նման կարծիք է հայտնել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Ըստ Հովհաննիսյանի, Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս: Ավելին, արաբական երկրներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հիմնական պատճառը դիվանագետը համարել է միջազգային ֆինանսական ճգնաժամը, որը ծանր է անդրադարձել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, սակայն «այստեղ դժգոհությունը միշտ առկա է եղել տարբեր աստիճաններով»: Սիրիայում բողոքի ցույցերին նպաստել են ոչ միայն Թունիսի և Եգիպտոսի դեպքերը, այլ նաև արտաքին ուժերը:

Հովհաննիսյանը նշել է, որ Սիրիայի գործընկերներն ավանդաբար եղել են Ռուսաստանը և Չինաստանը, որոնց հետ նա լավ հարաբերությունների մեջ է` անկախ ամեն ինչից. «Դրանով էլ պայմանավորված է ռուսական իշխանությունների ակտիվությունը` Սիրիայի հետ կապված հարցերում»:

«Իսկ ասել, որ երկրներում, որտեղ 2011-ի սկզբին տեղի են ունեցել հեղաշրջումներ, կհաստատվի ժողովրդավարություն, նշանակում է չիմանալ տարածաշրջանը»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ հեղաշրջման դեպքում Սիրիայում կսկսվի քաոս: