13 սեպտեմբերի 2011 - 15:02 AMT
Միջնադարյան Հոստուն գյուղի նմուշները կցուցադրվեն «Էրեբունի» թանգարանում

Սեպտեմբերի 17- հոկտեմբերի 17-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայանալու է «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրվելու է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսին կներկայացվեն 235 հնագիտական առարկաներ` դաջազարդ կարասների բեկորներ, ջրատար խողովակներ, աշխատանքի մետաղական գործիքներ, ջնարակած խեցեղենի նմուշներ, թասեր, քրեղաններ, ապակե ապարանջաններ, որոնք թվագրվում են 12-19 դարերով:

2005թ. Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 2 կմ արևմուտք նախատեսվող ջրագծի կառուցման աշխատանքներին, որի պատվիրատուն «Արփա-Սևան» ՓԲԸ-ն էր, նախորդեցին տարածքի հնագիտական հետազոտություններ` ի հայտ բերելով Հոստուն միջնադարյան գյուղի սոցիալ-տնտեսական կյանքի վերաբերյալ նյութական մնացորդներ:

2005-2006թթ. հնագիտական պեղումների արդյունքում բացված Հոստունի հնագիտական ժառանգությունը, հիմնականում կենցաղային խեցեղեն և մետաղական իրեր, մինչ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին մշտական պահպանության հանձնվելը կցուցադրվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում: