14 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT
Այսուհետ ադրբեջանական ԶՈՒ ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի Հայաստանի և Արցախի սահմանը, կոչնչացվի

Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետ Նիկոլայ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չորեքշաբթի օրը գնդակոծված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեղ գործողությունների շնորհիվ: Նրա խոսքով, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները հաճախ են թռիչքներ կատարում շփման գծի երկայնքով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել էր սահմանը և ոչնչացվել: Նա ընդգծել է, որ այսուհետ նույնպես ադրբեջանական զինված ուժերի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի սահմանը, կոչնչացվի:

ՀՕՊ պետը նշել է, որ անօդաչու ինքնաթիռները դժվար է ոչ միայն ոչնչացնել, այլև հայտնաբերել, քանի որ դրանք պատրաստվում են կոմպոզիտային նյութերից, որոնք դժվար են ենթարկվում հայտնաբերման: Նա հաղորդել է, որ ինքնաթիռը հաջողվել է ոչնչացնել հայկական ՌԱՀ մշակած ՀՕՊ միջոցների շնորհիվ:

Ընդ որում, Բաբայանը հավելել է, որ նախնական տվյալներով, ոչնչացված ինքնաթիռը եղել է իսրայելյան արտադրության, Հերմես դասակարգման:

Ինչ վերաբերում է անկախության 20-ամյակին հայկական ՀՕՊ մարտական պատրաստության մակարդակին, ապա, Բաբայանի խոսքով, դրանց մարտական պատրաստության մակարդակի ամենավառ ապացույցը Աշուլուկում (Ռուսաստան) կայացած ՀՕՊ զորավարժություններն էին: Նա նշել է, որ այդ զորավարժություններում C300 զենիթա-հրթիռային համալիրների հայկական հաշվարկները երեք հրթիռով երեք թիրախ խոցեցին` ցույց տալով 100%-անոց արդյունք: