15 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն նրա հետ, որ Արցախի օդանավակայանը դեռ չի բացվել

Տեխնիկապես Ադրբեջանի համար բավական բարդ կլինի ոչնչացնել Երևանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Արծրուն Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ նման բան նույնպես չի կարելի բացառել:

Անդրադառնալով նրան, թե կարող են Ադրբեջանի սպառնալիքները պատճառ լինել, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի բացվում, Հովհաննիսյանն ասել է, որ իրականում այն չի բացվում տեխնիկական խնդիրների պատճառով, և Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն: «Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մեծ նշանակություն ունի Ղարաբաղի համար, և կարևոր է, որպեսզի դրա հետ ոչ մի խնդիր չծագի: Այսպիսով, ավելի լավ է, որ այն նմի քիչ ուշ բացվի, բայց լավ գործի»,- ասել է փորձագետը:

Լեռնային Ղարաբաղում օդանավակայանը փակվել է 1992-ին Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության պատճառով, այդ օրվանից Ղարաբաղը զրկվել է արտաքին աշխարհի հետ օդային հաղորդակցությունից: Ի սկզբանե սպասվում էր, որ օդանավակայանը բացվելու է մայիսին, սակայն այն արդեն երկար ժամանակ հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով:

Պետք է նշել, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման մտադրությունը բուռն վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, ընդհուպ մինչև ինքնաթիռները ոչնչացնելու խոստումներ: Դրան ի պատասխան, մարտի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դառնալու է Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը:

ՖՈՏՈՇԱՐՔ