16 սեպտեմբերի 2011 - 15:42 AMT
Հայաստանն ու Արգենտինան կիսվել են իրենց տարածաշրջաններում առկա խնդիրներով

Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, արգենտինյան կողմինը` Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փաստեցին դրանց էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում նշվեց առևտրատնտեսական կապերի ամրապնդման և դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Քննարկվեց քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արման Կիրակոսյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները դրանց նկատմամբ:

Ալբերտո դե Ալոտոն իր հերթին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները Լատինական Ամերիկայում` մանրամասն անդրադառնալով Մալվինյան կղզիների հիմնախնդրին: