19 սեպտեմբերի 2011 - 15:47 AMT
ԿԱՐԾԻՔ
Կրթական համակարգ. Քանդել ենք հինը, իսկ նորը կառուցելը չի ստացվում

ԽՍՀՄ փլուզումից հետո քանդեցինք ամեն ինչ՝ Լենինի արձանից մինչև կրթական համակարգ։ ԽՍՀՄ կրթական համակարգը քանդվեց, բայց նորը չի ձևավորվել և դժվար թե ձևավորվի։ 2005 թվականին Հայաստանը միացավ Բոլոնիայի համակարգին։ Միացել ենք, ու ձեռքը կրակն ընկել։

Կրթության նախարարությունն էլ ստիպված համաժողովներ է անցկացնում, արտասահմանից փորձագետներ հրավիրում, որ ներկայացնեն ոլորտի միջազգային փորձը։ Օրինակ, այսօր ԿԳՆ նախաձեռնությամբ մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նրանց պատմել են Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերի, օրենսդրական դաշտին և մոդուլային կրթության մասին: Ելույթ ունեցողները կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ:

Գուցե այս ամենը ճիշտ է և մի քանի տարի անց տա իր արդյունքները, բայց հնարավոր է նաև՝ չտա։ ԽՍՀՄ կրթական համակարգը աշխարհում լավագույններից էր, եթե ոչ լավագույնը։ Այն տալիս էր բարձրակարգ մասնագետներ, գիտնականներ բոլոր ոլորտներում։ Հրաժարվեցինք, և այսօր ունենք կոռումպացված կրթական համակարգ և ուրիշ ոչինչ։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News