19 սեպտեմբերի 2011 - 19:24 AMT
ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի իր հեղինակությանը` ընդունելով մարտի 1-ի վերաբերյալ բանաձևը, գտնում է ՀԱԿ-ը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կտրուկ քննադատել է 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևի նախագիծը: «Բանաձևի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Դրանում նշվում է նաև, որ համոզմունք է առաջանում, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների և սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների և մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը և նրա կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը: «Հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում այս նախագծին հավանություն տալու դեպքում ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանն ու կապացուցի, որ ԵԽԽՎ-ն և նրա համապատասխան կառույցները զբաղված են ոչ թե ժողովրդավարության բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարմամբ և երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, այլ բռնության, կեղծարարության և անպատժելիության մթնոլորտի խորացմանը նպաստելով»,- ընդգծում է ՀԱԿ-ը:

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում ներկայացվել է դիտարկման խմբի անդամներ Ջոն Փրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը, որում հանձնաժողովը ողջունել է ուժերին, որոնք քաղաքական կամք են դրսևորել այդ հարցի լուծման հարցում ԵԽ նորմերին համապատասխան: Ընթացիկ տարվա գարնանը համաներում հայտարարելը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը 2008-ի մարտի 1-2-ի հակակառավարական ցույցերի ընթացքում 10 քաղաքացիների մահվան գործով հետաքննությանը, թույլ են տալիս մարտյան իրադարձությունների մասին գործը փակված համարել, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: