20 սեպտեմբերի 2011 - 20:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մինասյան. Երևանյան զորահանդեսը ցույց կտա, որ ռազմական հավասարությունը տարածաշրջանում վերականգնված է

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթը լուրջ ուղերձ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, շքերթի ընթացքում ներկայացված ծանր տեխնիկան ցույց կտա հայկական բանակի հզորությունը: «Բացի դրանից, զորահանդեսի ընթացքում կցուցադրվեն հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռները: Բոլորին հայտնի է, որ Բաքուն հեռահար պատերազմի հույս ուներ, սակայն մեր տեխնիկայի դեպքում դա քիչ հավանական է: Սեպտեմբերի 21-ին երևանյան զորահանդեսը ցույց կտա, որ տարածաշրջանում ռազմավարական և ռազմական հավասարությունը վերականգնված է, և Ադրբեջանը կարող է հանգիստ քնել, քանի որ մոտ ապագայում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումն անհնար կլինի»,- նշել է նա:

Ինչպես խոստանում են ռազմաշքերթի կազմակերպիչները, սեպտեմբերի 21-ին Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում կայանալիք զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին կմասնակցեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին կմասնակցեն նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները:

ՖՈՏՈՇԱՐՔ