21 սեպտեմբերի 2011 - 15:23 AMT
Ուկրաինայի նախագահը «բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում» է մաղթել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Գոհունակությամբ կնշեմ ներկայիս փուլում երկկողմ հարաբերությունների զգալի ակտիվացումը»:

Յանուկովիչը համոզմունք է հայտնել, որ փոխըմբռնման և վստահության հիման վրա ուկրաինա-հայկական գործընկերության հետագա զարգացմամբ փոխադարձ շահագրգռվածությունը կնպաստի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ու Ուկրաինայի և Հայաստանի համագործակցության արդիական խնդիրների լուծմանը:

Վերջում նախագահը Սարգսյանին մաղթել է քաջ առողջություն և հետագա հաջողություններ, իսկ «բարեկամ հայ ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»: