23 սեպտեմբերի 2011 - 15:40 AMT
ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մասնակցեց Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստի աշխատանքներին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր: Խորհրդի անդամներին ներկայացվեց Մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Քննարկվեցին «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» պայմանագրի, Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից-պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի, ԱՊՀ մասնակից-երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման համար հատկացումների մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագծերը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մի շարք այլ հարցեր, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը: