28 սեպտեմբերի 2011 - 22:17 AMT
Կարեն Կարապետյան. Երևանն ապագայում ժամանակակից քաղաքին բնորոշ չափորոշիչներ կապահովի

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի հետ: Նա ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման ոլորտում և քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերը և ընդգծել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը, որն ուղղված է ներդրումային և զարգացման երկարատև ծրագրերի իրականացմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ծրագրերն ու ոլորտները, որտեղ հնարավոր է փոխշահավետ համագործակցություն:

«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում Երևանը ժամանակակից քաղաքին բնորոշ չափորոշիչներ կապահովի և այն խոշոր ներդրումային ծրագրերը, որ այսօր ունենք, անպայմանորեն հաջողություն կունենան»,- նշել է քաղաքապետը:

Վաչե Մանուկյանը, գնահատելով իրականացվող ծրագրերի հեռանկարը, կարևորել է քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը ներդրումային դաշտին նպաստելու գործում և առաջարկել է գործակցության ծրագրեր քննարկել: