29 սեպտեմբերի 2011 - 14:16 AMT
Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի քաղաքական դաշտի վրա

2013-ի նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«ՀՀԿ-ն իր թեկնածուն ունի նախագահական ընտրություններում և իր նախագահը, և կուսակցությունը պատրաստվում է ընտրությունների գնալ նախագահի իր թեկնածությամբ»,- ասել է նա:

Մելիքյանը նշել է, որ դա արտացոլվել է նաև կոալիցիոն կուսակցությունների հուշագրում: Նա միաժամանակ հավելել է. «ՀՀԿ-ն ոչ իշխանամետ է, ոչ էլ նախագահամետ: ՀՀԿ-ն իշխանական և նախագահական կուսակցություն է և ունի իր ծրագրերը և նպատակները»:

Ինչ վերաբերվում է նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման հնարավորությանը, ապա, Մելիքյանի խոսքով, դա հնարավոր է: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է դա ազդելու Հայաստանի քաղաքական դաշտի վրա, Մելիքյանը նշել է. «ոչ մի կերպ»: