29 սեպտեմբերի 2011 - 15:53 AMT
Երևանում կրկին ծառեր են հատում

Սեպտեմբերի 25-28-ը Երևան քաղաքի Տերյան 62 շ. բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ից հայտնում են, որ արդյունքում, ըստ շենքի բնակիչների, հատվել է 16 ծառ: Մտահոգված լինելով տեղի ունեցածով` բնակիչները անմիջապես դիմել են Երևանի քաղաքապետարան, ոստիկանություն և ծառահատումը արձանագրվել է պատկան մարմինների կողմից:

Քաջ գիտակցելով ծառահատման նպատակային բնույթը, որը բնակիչների կարծիքով ուղղված է քաղաքի կենտրոնում բակային տարածքի և կանաչ գոտու հաշվին հերթական շինությունը կառուցելուն` դիմել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հարցի մասին բարձրաձայնելու և պատկան մարմինների ուշադրությունը գրավելու հարցում աջակցության խնդրանքով:

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունը Երևանի կանաչ տարածքների հաշվին շինությունների կառուցման անթույլատրելիության մասին` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ դիմում է Երևանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին` խնդրելով շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին: Ինչպես նաև ծառահատումն իրականացրած անձանց մոտ անպատժելիության զգացողությունը փարատելու նպատակով` հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը այդ տարածքում շինության հնարավոր կառուցման վերաբերյալ: