30 սեպտեմբերի 2011 - 09:09 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հանուն աղմկահարույց նյութի պետք չէ մարդուն հասցնել նրան, որ ասի «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»

Դեռ երեկվանից Հայաստանի գրեթե բոլոր լրատվական կայքերը ողողված են հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի սկանդալային ասուլիսի մասին լուրով: Այսօր հանրությունը բաժանվել է երկու խմբի` հարցադրում կատարած լրագրողին և կազմակերպիչներին պաշտպանողների: Այնուամենայնիվ փաստն այն է, որ Սաֆինան այսօր հրաժարվում է հայկական կողմի հետ ցանկացած շփումից: Փորձերն անցնում են փակ դահլիճում, որտեղ չի թույլատրվում ոչ ոք` նույնիսկ համերգի հայ կազմակերպիչները կապ են հաստատում երգչի հետ միայն մենեջերի միջոցով:

Այս պատմությունն այն եզակիներից է, որ դուրս եկավ լայն հանրություն, սակայն նման պատմությունները քիչ չեն, պարզապես այն աչքի ընկավ նրանով, որ միջազգային մեծության արտիստ հայտնվեց այդ սկանդալային պատմության մեջ: Այսօր մամլո ասուլիսներում հաճախ են ծագում վիճաբանություններ և դրանց պատճառներն ամենատարբերն են: Օրինակ` էմոցիոնալ դրսևորում են ցուցաբերում ասուլիս վարողները` փորձելով իրենց կարծիքը փաթաթել ասուլիսի մասնակիցներին, հարցազրույց տվողը սխալ է հասկանում հարցը և բորբոքվում:

Այնուամենայնիվ, իրենց մեծ չափաբաժինը ունեն նաև լրագրողները: Հաճախ սովորական թվացող հարցը մատուցվում է ագրեսիվ տոնով, ակտիվ ժեստիկուլյացիայով, որը նյարդայնացնում է հարցազրույց տվողին, ազդում են նաև հարցերի բովանդակությունը: Կրակի վրա կարող է յուղ թափվել, եթե «հերոսը» օտարազգի է: Երբ նա ոչինչ չի հասկանում, նրա համար կարող է ցանկացած խոսք կասկածելի թվալ: Արդյունքում ստացվում է հիվանդ մթնոլորտ, որից ամեն մարդ տարբեր կերպ է դուրս գալիս: Սաֆինան որոշեց լքի ասուլիսը, մեկ ուրիշը կարող էր վեճի մեջ ընկնել: Ինչևէ: Լրագրողը հանուն ընթերցվող նյութի, կամ անձնական ամբիցիաներից ելնեով կարող է մարդուն հունից դուրս հանել: Արդյունքում տուժում է երրորդ մարդ: Այսինքն խախտվում է մասնագիտական էթիկան: Հայաստան ժամանող արտիստներից մեծ մասը չի էլ ծանոթանում հասարակ հայ քաղաքացիների հետ և չի կարող նրանց միջոցով ազգի մասին կարծիք կազմի: Փոխարենը նա կարծիք է կազմում լրագրողներից և համերգ կազմակերպողներից:

Միգուցե այս իրադարձությունը շատերին մտածելու տեղիք կտա, հանուն սկանդալային նյութի արժե՞ մարդուն հասցնել այն վիճակի, որ նա ասի «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ