30 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT
Ռաֆիկ Պետրոսյան. «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ համար ոչ թե մրցակից է, այլ գործընկեր

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստանին» ՀՀԿ մրցակից չի համարում: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունն այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց գլխավոր մրցակիցը ՀՀԿ-ն է լինելու: «Մենք «Բարգավաճ Հայաստանի» հետ մրցակիցներ չենք, մենք գործընկերներ ենք: Գտնում եմ, որ Բոստանջյանը սխալ տերմին է գործածել, քանի որ հասկանում է, որ երկու կուսակցություններն էլ նույն մեխին են հարվածում»,- հայտնել է Պետրոսյանը: Նա հիշեցրել է նաև կոալիցիոն հուշագրի մասին:

Պետրոսյանն ընդգծել է նաև, որ այժմ Հայաստանում ոչ մի կուսակցություն չի կարող համեմատվել ՀՀԿ հետ «ինչպես իր հնարավորություններով, իշխանության մեջ գրաված դիրքով, այնպես էլ կուսակցության առջև ծառացած խնդիրների լուծման մեջ ներգրավված մարդկային ռեսուրսների քանակով»: