30 սեպտեմբերի 2011 - 18:21 AMT
Հայաստանը կմասնակցի Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ Ֆորումին

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (MIC) ղեկավար Եվա Հյուսյանը կներկայացնի Հայաստանը Հարավային և Արևելյան Եվրոպայի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ֆորում (SEE ICT Forum) կառույցի Ինովացիոն և գերազանցության կենտրոնների գործունեությանը նվիրված հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։

Հայկական հաջող փորձի ուսումնասիրությունը կարևոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նույնպես մտադիր են ինովացիոն գործունեությունը խթանող կենտրոններ բացել, նշում է ԻՏՁՄ-ն։

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բավարար ներուժ ունի իր գործունեության շրջանակը տարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կնպաստի Հայաստանի` իբրև ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը:

SEE ICT Forum-ը միավորում է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի միությունները, դոնոր կազմակերպությունները և հետազոտական կառույցները: 2009 թվականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառույցում ներկայացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաև համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերությունների մասնակցությունը կառույցի միջոցառումներին:

2010 թվականին կառույցի մեջ ներգրավված մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Ֆորումին:

Նախատեսվում է, որ SEE ICT Forum կառույցի հաջորդ հանդիպումներից մեկը կկազմակերպվի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թվականի մայիս-հունիս ամիսներին: