30 սեպտեմբերի 2011 - 19:44 AMT
Կանադայում մեծ տոնակատարություններ են տեղի ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ

Սեպտեմբերի 22-ին Bonjour l’Armenie ծրագրի շրջանակում Մոնրեալի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված անդրանիկ տոնական միջոցառում-ընդունելություն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի և Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրամբլեի շնորհավորական ուղերձներից հետո ներկաներին ողջունել է Մոնրեալի Գառնի պարախումբը: Միջոցառմանը ներկա էին քաղաքային խորհրդի անդամներ, Մոնրեալում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի Առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Bonjour l’Armenie ծրագրի շրջանակներում Կանադայում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, այդ թվում Գալա-համերգ հայ և կանադացի հայտնի երգիչների մասնակցությամբ, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մոնրեալում:

Իսկ սեպտեմբերի 25-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսություն: Միջոցառումն աննախադեպ էր կանադահայ 28 կազմակերպությունների միասնական մասնակցության տեսանկյունից` հանձինս Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների, ավանդական երեք կուսակցությունների և բոլոր մշակութային ու ազգակցական միությունների: Միջոցառմանը շնորհավորական ուղերձով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ինչին հաջորդեց տոնական համերգ և ընդունելություն: