1 հոկտեմբերի 2011 - 11:52 AMT
Այսօր տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ին աշխարհը նշում է տարեցների միջազգային օրը: Այդ առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր տարեցներին՝ նշելով, որ հայերն ավանդաբար առանձնակի ջերմ վերաբերմունք են դրսևորել ծնողի, տարեցի նկատմամբ` իբրև ընտանիքի սյուն, իբրև սկիզբ, իբրև հայոց ազնվական տան պահապան:

«Արդեն տարիներ շարունակ մենք ևս հիշատակում ենք տոնը` մեծարելով մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին: Բոլոր օրերը տոն են, երբ մեր կողքին են մեր մեծերը: Տարեցները մեր կառավարության, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հասկանալի է` նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դեռևս լիարժեք լուծված չեն տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Այս առումով մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք դեռ և միշտ պարտք ենք Ձեզ»,- գրել է նախարարը՝ նախարարության անձնակազմի և անձամբ իր անունից շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր տարեցներին` մաղթելով առողջություն և բարեկեցիկ կյանք: