3 հոկտեմբերի 2011 - 11:27 AMT
Ալեքսանդր Կռիլով. Չնայած «թուրք ազգի երկու պետությունների» մասին խոսքերին, Բաքուն լուրջ տարաձայնություններ ունի Անկարայի հետ

«Չնայած «թուրք ազգի երկու և նույիսկ երեք պետությունների» մասին հաճախակի կրկնվող հայտարարություններին, Բաքուն լուրջ տարաձայնություններ ունի Անկարայի հետ և ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-հայտարարել է ռուս փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Բացի այդ, նա նշել է, որ դեռևս չեն հաղթահարվել տարաձայնությունները Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման ու Թուրքիայի համար այդ գազի գնի շուրջ: «Արդյունքում ադրբեջանական գազը թուրքական քվոտայով առաքվում է Վրաստան, որի համար օգտագործվում է նոր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղի հատվածը, իսկ հետո առաքվում են ավելի սահմանափակ ծավալներ»,-ասել է նա:

Ռուս փորձագետը նշել է նաև, որ միաժամանակ Ադրբեջանն ընդլայնում է գազի առաքումը Ռուսաստան ու Իրան: «Հնարավոր է, որ երկկողմ հակասություններն էներգետիկ ոլորտում ինչ-որ կերպ հարթվեն Nabucco-ի օգնությամբ: Սակայն, դրա համար հարկավոր է, որ այդ նախագիծը իրականություն դառնա, որպեսզի գտնվեն ֆինանսավորման աղբյուրներ»,-ասել է Կռիլովը:

Ա. Կռիլովն անդրադարձել է նաև Բաքվի ու Անկարայի դիրքորոշումների տարբերությանը Իսրայելի հարցում՝ նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է նորմալ հարաբերություններ պահպանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ: «Այս դեպքում Բաքուն ակնհայտորեն ձգտում է նոր փաստարկներ գտնել Թուրքիայի հետ վիճելի հարցերում, և օգտագործել թուրք-իսրայելյան հակամարտությունը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար: Դա վկայում է այն մասին, որ Բաքուն ձգտում է հեռանալ «ավագ» և «կրտսեր» եղբայրների ձևաչափից ու բարձրացնել իր նշանակությունը համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ: Սակայն, հազիվ թե Բաքվի դիրքորոշումը մեծ ազդեցություն ունենա Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի իրավիճակի վրա»,-ասել է ռուս փորձագետը, հաղորդում է Analitika.at.ua-ն: