6 հոկտեմբերի 2011 - 21:19 AMT
Վահե Դավթյանը ՏՐԱՍԵԿԱ-ի տարածաշրջանային համաժողովում ներկայացրեց ՀԿԵ-ի զարգացման գլխավոր նախագիծը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը մասնակցեց LOGMOS նախագծի շրջանակում Թբիլիսիում հոկտեմբերի 3-5 կայացած տարածաշրջանային խորհրդաժողովին: Պատվիրակության կազմում էին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Իլյա Կելպերիսը, Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը և Ֆիրմային տրանապորտային ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ Զառա Ագասաֆյանցը:

ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության և Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպած համաժողովի շրջանակներում քննարկվեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների լոգիստիկայի և ծովային միջանցքների զարգացման հարցերը:

Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի, Թուրքմենստանի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Նրանք քննարկեցին ՏՐԱՍԵԿԱ-ի տարածաշրջանում լոգիստիկ ծառայությունների և տրանսպորտային ուղիների զարգացմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Համաժողովի ժամանակ ՀԿԵ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը ներկայացրեց «Ախուրյան» երկաթուղային կայարանի հիման վրա միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը և ներուժը, ՀԿԵ-ի գլխավոր նախագիծը, ընկերության ներդրումային ծրագիրը, տրանսպորտային միջանցքների զարգացման հեռանկարները և ՀԿԵ-ի դերն այս գործընթացում: