11 հոկտեմբերի 2011 - 16:36 AMT
Հայ գյուղացիները երկարաժամկետ վարկերի կարիք ունեն

Գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ հատկացվել է 95 մլրդ դրամի վարկ: Այդ մասին Ջերմուկում ընթացող ՀՀ գյուղական համայնքների առաջին համաժողովի շրջանակներում «Վարկային գործիքներ գյուղական համայնքներին» սեկցիայի քննարկումների արդյունքում PanARMENIAN.Net –ի թղթակցին է ասել ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ըստ նրա, դա կազմում է ներդրումային վարկերի 8 տոկոսը:

Սեկցիայի շրջանակներում քննարկվել են գյուղական համայնքների համար վարկերի մատչելիության խնդիրները, ինչպես նաև գրավի ու հիփոթեքային վարկավորման խնդիրները: «Հետաքրքիր առաջարկներ կան երկարատև վարկավորման առումով, որի համար մշակվել են երկարաժամկետ ծրագրեր»,-ասել է Երիցյանը:

Բացի այդ, ինչպես հայտնել է Երիցյանը, արծարծվել է նաև գյուղացիների ֆինանսական գրագիտության բարձրացման հարցը: «Առևտրային բանկերը ԿԲ-ի հետ միասին պատրաստ են աշխատել համայնքների հետ այդ ուղղությամբ»,-հավելել է նա: