13 հոկտեմբերի 2011 - 17:55 AMT
ՀԱՊԿ կաջակցի Հայաստանին 2012 թ. կայանալիք ԱԱՀՈՒ զորավարժությունների անցկացման հարցում

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության կազմակերպմանն առնչվող հարցեր: Սեմերիկովը նշել է, ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել հայկական կողմին զորավարժության կազմակերպման ընթացքում` անհրաժեշտության դեպքում նաև Հայաստան գործուղելով համապատասխան աշխատակիցների: Զորավարժությունն ընդգրված է 2012թ. աշխատանքային պլաններում և կազմակերպվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև 2011թ. օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Բաղդասարյանն ու Սեմերիկովը պայմանավորվածություն են ձեռք բերել նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով աշխատաժողով: