17 հոկտեմբերի 2011 - 20:36 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիան Հայաստանի կողքին է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում վստահեցրել է, որ Ֆրանսիան անշեղորեն Հայաստանի կողքին է` երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

«Ձեր երկրի համար ճակատագրական պահերին Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա»,- գրում է Սարկոզին:

Նրա խոսքով՝ այժմ պետք է որոշակիացնել երկկողմ հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Ընդ որում, նախագահը հավատացրել է, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար:

Նամակի վերջում Սարկոզին Հայաստանին ցանկացել է խաղաղ և բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, և Սերժ Սարգսյանին մաղթել է, որպեսզի երկրի ղեկավարի նրա առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի է:

ՖՈՏՈՇԱՐՔ