20 հոկտեմբերի 2011 - 20:36 AMT
«Բանակն իրականում». Ալիկ Սարգսյանի և ոստիկանների գործողություններում առկա են հիմքեր քրեական գործի հարուցման համար

«Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները հաղորդագրություն են տարածել հանցագործության մասին։ «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև այսօր կազմակերպել էին ցուցապաստառներով պիկետ: Նշվում է, որ բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը:

«Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն։ Հանձնարարականը ոստիկանները կատարել են բռնի ուժի գործադրմամբ և օրենքի խախտումով. «Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որոնք հիմք են քրեական գործի հարուցման համար»: