21 հոկտեմբերի 2011 - 14:21 AMT
Հայազգի երգչուհի Շերի հագուստները կցուցադրվեն Երևանում

Հոկտեմբերի 24-ին ժամը13:00-ին Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթվա շրջանակում կայանալու է իտալացի հանրահայտ դիզայներ Էրմանո Շերվինոյի հագուստների ցուցադրությունը:

Կենտրոնում ցուցադրվելու է ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերի (Շերլին Սարգսյան) հագուստները, որոնք նա կրել է 1999թ-ին Ֆրանկո Ձեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի հետ» ֆիլմում: Ներկայացվելու են 8 տարբեր ոճերի հագուստներ:

Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի հետ համատեղ: Այն կայանալու է հոկտեմբերի 24-28-ը: Միջոցառումների շրջանակներում սպասվում է Վենետիկում բեմադրված «Արարատ» բեմադրության ներկայացումը, ռեստավրատորի դասընթացներ և այլն: