21 հոկտեմբերի 2011 - 15:12 AMT
Գեղամ Հարությունյանը հայկական բանակի խնդիրների լուծումը տեսնում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ

Այսօրվա դրությամբ հայկական բանակում տիրող իրավիճակն անհանգստացնում է բոլորին։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։ Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին՝ նա նշել է, որ տարեց տարի բանակում մահացության մակարդակը նվազում է, բայց հայ հասարակությունը, մինևնույն է, դժգոհ է, քանի որ կտրուկ փոփոխություններ է ցանկանում։ Հարությունյանը նաև նշել է, որ ամենից շատ անհանգստացնում են բռնության և նվաստացման հողի վրա կատարվող ինքնասպանությունները։

Նա ընդգծել է, որ հայկական բանակի խնդիրների լուծումը տեսնում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման և ավելի մասնագիտացված աշխատանքի մեջ։ Նրա խոսքով, բանակում կարելի է կատարել կազմի ուսուցում, սակայն բավական բարդ է վերահսկել մարդկանց միջև հարաբերությունները։ «Կարող եմ վստահ ասել մի բան. բանակը երբեք չի խուսափել պատասխանատվությունից»,- ասել է նա։