22 հոկտեմբերի 2011 - 20:34 AMT
Երևանում բացվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը»

Այսօր` հոկտեմբերի 22-ին "Մոսկվա" կինոթատրոնում բացվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը»: Այն բացեց ռուս հայտնի թատերագիր Յուրի Էնտինը: Նա ասաց, որ փառատոներ չի սիրում և որպես մասնակից է եկել այս փատոնին:

Փառատոնի հյուր, լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և հույս հայտնեց, որ շատ հետաքրքիր մարդկանց կհանդիպի և նոր ընկերներ ձեռք կբերի: Ռուսական հայտնի "Երալաշ" կինոամսագրի հեղինակ Բորիս Գրաչևսկին էլ իր հերթին ասաց, որ բացառիկ փառատոն է երևանյան փառատոնը և չնայած այն փոքր է, բայց անչափ ջերմ մթնոլորտ ունի:

«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» շարունակվելու է մինչև հոկտեմբերի 26-ը: Փառատոնին մասնակցում են 35 երկրից 98 ֆիլմ:

Այս տարի այն ներկայանալու է նոր ծրագրերով: UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից կներկայացվի All by kids և «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրերը: Բացի դրանից Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից 3-ական երեխա մասանկցելու են վարպետության դասընթացի և նկարահանելու են անիմացիոն ֆիլմ: Ֆիլմը ցուցադրվելու է փառատոնի փակմանը:Նոր ծրագրերի թվում է լինելու նաև «Ճապոնիայի օր Հայաստանում» և «Դու մենակ չես… միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովը անվճար վիրահատություններ կանի: Նախատեսված են հայտնի դերասան Իվար Կալնինշի և թատերագիր Յուրի Էնտինի ստեղծագործական երեկոները: