31 հոկտեմբերի 2011 - 21:08 AMT
Արմեն Գևորգյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է «Հազարամյակի մարտահրավեր» նախագծի արդյունքները

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 31-ին ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չ. Ջեթինդերը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Ռասինը, ինչպես նաև ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը:

Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք: Անդրադառնալով ԱՄՆ կառավարության հետ համագործակցության օրակարգային հարցերին` Արմեն Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի համար, որոնց շնորհիվ հնարավոր եղավ մեծամասշտաբ աշխատանքներ իրականացնել ենթակառուցվածքների, հատկապես` ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև ամերիկյան իշխանությունների աջակցությունը տարածքային կառավարման համակարգի կատարելագործման հարցում:

Դեսպանն իր հերթին նշված ուղղություններում արդյունավետ և կառուցողական գործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց ինչպես կառավարության, այնպես էլ ՏԿ նախարարության հետ: Նա նույնպես դրական գնահատեց «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում կատարված աշխատանքները: