31 հոկտեմբերի 2011 - 21:39 AMT
ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում

Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության Խորհուրդն իր նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշել է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել նախկին փոխքաղաքապետ, ներկայումս` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին: Ինչպես հաղորդել է կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նախագահը գործադիր մարմնի անունից Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել, որը միաձայն ընդունվել է:

Ինչ վերաբերում է ժամկետներին, թե երբ տեղի կունենա քվեարկությունն Ավագանու խորհրդում, ապա, Շարմազանովի խոսքով, այն տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում:

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կարապետյանն իր հրաժարականը հիմնավորել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով: