7 նոյեմբերի 2011 - 14:05 AMT
Հայերը գինի խմող ազգից վերածվել են օղի խմողների

Մենք կորցրել ենք գինու ավանդույթները և գինի խմող ազգից վերածվել ենք օղի խմող ազգի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ցավով նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

«Մեկ շնչի հաշվով խմում ենք այնքան օղի, որքան ռուսները, սակայն 10 անգամ ավելի քիչ գինի քան ռուսները և 50 անգամ ավելի քիչ գինի քան եվրոպացիները։ Մենք դարձել ենք օղի խմող ազգ, իսկ օղին քաղաքական խմիչք է, մշակութային խմիչք չէ։ Բոլոր երկրների բոլոր կառավարությունները բոլոր ժամանակներում օղու միջոցով լուծել են խիստ քաղաքական խնդիրներ»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ թեև 5 տարի առաջ մեկ շնչի հաշվով Հայաստանում խմում էին 1 լիտր գինի, իսկ այս տարի արդեն 1,4 լիտր, բացարձակ թվերով դա «ծիծաղելի ցուցանիշ է»։ Ըստ Հարությունյանի, գինի չի կարելի խմել միայն 2 հիվանդությունների՝ լյարդի խանգարումների ու երիկամային անբավարարության դեպքում. «Մնացած բոլոր դեպքերում կանանց խորհուրդ է տրվում օրական նվազագույնը 100 գրամ և առավելագույնը 300 գրամ, իսկ տղամարդկանց նվազագույնը 200 գրամ ու առավելագույնը 500 գրամ կարմիր դառը գինի խմել»։