7 նոյեմբերի 2011 - 14:18 AMT
Երկկողմ ավիաչվերթերի կազմակերպումը կնպաստի հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, խորացումն ու ընդլայնումը:

«Այժմ հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դեղագործության, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտներում։ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, որին մեծապես կարող է նպաստել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպումը»,-նշել է վարչապետը։

Սաչին Պիլոտը նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը ևս շահագրգռված է այս հարցում և կանի ամեն ինչ՝ տարբեր ուղղություններով երկկողմ ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է պետությունների միջև առևտրաշրջանառության զարգացումը և այդ գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Դրանում, վարչապետի խոսքով, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացնի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, մասնավորապես, Հայաստանի՝ Հնդկաստանից գյուղտեխնիկայի հնարավոր ձեռքբերմանը, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի: