7 նոյեմբերի 2011 - 15:33 AMT
Պռոշյանի կոնյակի գործարանն ամփոփել է մթերման տարին

Նոյեմբերի 7-ին «Պռոշյանի կոնյակի գործարանն» ավարտեց մթերման գործընթացը: Այս տարի ընկերությունը մթերել է 18.5 հազար տոննա խաղող և 6 000 տոննա այլ գյուղմթերք: Մթերման գործընթացն ընկերությունն ավարտեց առանց պարտքերի` կատարելով բոլոր ֆինանսական պարտավորությունները, ասվում է գործարանի մամլո հաղորդագրության մեջ:

Չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, և այս տարին ևս լի էր բնական տարերքներով`ցրտահարություն, կարկուտ, այնուամենայնիվ, ընկերությունը մթերման գործընթացում աշխատել շուրջ 2000 գյուղացիական տնտեսությունների հետ: Արդյունքում, շնորհիվ մթերված պտղի քանակի և որակի հնարավոր կլինի գալիք տարում ավելացնել արտադրանքի ծավալները:

Արտադրական ծավալների ավելացումը պայմանավորված է ինչպես տեղական շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ աճող մեծ պահանջարկով, այնպես էլ արտասահմանյան շուկայում հայկական կոնյակի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ:

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր գործը` հասկանալով, որ որոշակի առումով կոնյակի և գինու հետ արտահանում ենք նաև կոնյակի և գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ»,- մեկնաբանեց «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի տնօրեն Արմեն Գասպարյանը: