9 նոյեմբերի 2011 - 17:19 AMT
Արման Կիրակոսյանը ՅՈՒՆԻԴՈ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նոյեմբերի 8-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ) Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելային հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

Պարոն Յումկելան իր խոսքում ողջունեց ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին և շնորհակալություն հայտնեց նրան այցելության համար: Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպությունում կատարված բարեփոխումները և կառույցի հետագա նպատակներն ու ծրագրերը:

Դեսպան Արման Կիրակոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և անդրադարձավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՀՀ միջև առկա խնդիրներին: Դեսպանը կարևորեց գործնական բնույթի համագործակցությունը կազմակերպության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: