9 նոյեմբերի 2011 - 20:19 AMT
Յիրիկյան. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորն այսօր մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Շիրակի մարզի Մարալիկի և Արթիկի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք` հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդություններից նորածինների կյանքը փրկելու համար: Կյանքին պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան` հետագայում զերծ մնալով այլ միջամտություններից:

«Նորածնային խնամքի ծրագրի շրջանակներում սա մեր երկրորդ այցելությունն է Շիրակի մարզ: Վստահ ենք, որ այն կօգնի նվազեցնել նորածնային մահացության ցուցանիշը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունը դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երևանի հիվանդանոցներ մանուկների տեղափոխման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր երեխայի կյանք պարգև է, և որպես հոգատար ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ծննդատներին օգնելու և այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում Երևանի և մարզերի 23 բժշկական կենտրոնում տեղադրվել է մոտ 298 մլն դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորում: