9 նոյեմբերի 2011 - 21:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակումից երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Մոտ երկուսուկես ժամ առաջ Թումանյան-Խանջյան փողոցի տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակումից տուժած երկու վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի հերթապահ ռեանիմատոր Դավիթ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ երկու վիրավորներն են 40-ամյա Ռադիկ Զիրոյանը և 52-ամյա Լևոն Ավետիսյանը։

Դավիթ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ երկուսն էլ ստացել են հրազենային վնասվածք, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ռադիկ Զիրոյանը ստացել է աջ սրունքի վերին երրորդական թափանցող հրազենային վերք, իսկ Լևոն Ավետիսյանը՝ ձախ ազդրի ստորին երկրորդականի թափանցող հրազենային վերք։ Երկուսն էլ այս գիշեր կմնան վերակենդանացման բաժանմունքում, իսկ վաղը կտեղափոխվեն վնասվածքաբանության բաժանմունք։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Թումանյան-Խանջյան փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա կատարվել է զինված հարձակում։ Որոշ տեղեկությունների համաձայն, կան տուժողներ և հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել։

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը դեռևս տեղեկություններ չի տարածում միջադեպի մասին։

ՖՈՏՈՇԱՐՔ