10 նոյեմբերի 2011 - 20:38 AMT
Վարչապետը մրցանակներ է հանձնել լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 10-ին Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը:

2011 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, իսկ լավագույն գյուղական համայնք՝ Արարատի մարզի Մխչյան համայնքը: «Մաքուր համայնք 2011»-ին արժանացել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքը և Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքը: «Լավագույն կանաչապատ համայնք» կոչումն ստացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը: «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում» մրցանակին է արժանացել «Հետք» ինտերնետային թերթը, իսկ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք»՝ Գյումրի քաղաքը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։

Մրցանակաբաշխության նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունը նաև ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։