11 նոյեմբերի 2011 - 16:34 AMT
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը կշարունակի զենք մատակարարել Հայաստանին

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավարտել սպառազինության մատակարարումը Հայաստանին, համաձայն գործող պայմանագրի, եթե նման որոշումը հավանության արժանանա երկրի կառավարության կողմից, հաղորդել են նախարարության մամլո ծառայությունից:

«Ես հաստատում եմ, որ Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան չորեքշաբթի օրը ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ավարտին հասցնել զենքի մատակարարումը Հայաստանին, որովհետև այդ գործարքն օրինական է և այդ հաշվով ոչ մի խնդիր չկա»,- ասել է նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժոսանը։

Մոլդովայի պաշտպանության նախարարը պատգամավորներին կոչ է արել հիմնվել իրավաբանական փաստաթղթերի վրա, որտեղ, Ժոսանի խոսքով, «նշվում է, որ Հայաստանին մոլդավական սպառազինության վաճառքի մասին գործարքը տեխնիկական տեսակետից կորեկտ է և չի հակասում ազգային մոլդավական և միջազգային օրենսդրությանը»։