11 նոյեմբերի 2011 - 17:16 AMT
Հայաստանում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ

Նոյեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և «Ամայա գեյմինգ գրուպ» (AMAYA GAYMING GROUP) կանադական կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Բաազովը ստորագրեցին պայմանագիր, որով նախատեսվում է մեր երկրում ներդնել շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ և կազմակերպել պետական վիճակախաղ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Վերահսկողական համակարգի ներդրման նպատակն է ապահովել շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը, ունենալ հստակ հաշվետվողական համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից: Շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգի ներդրման համար կորպորացիան Հայաստանի Հանրապետությանը անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի սարքավորումներ և տեխնոլոգիաներ:

Համակարգը համակարգչային ծրագրային ծառայությունների համակցություն է, որը հավաքագրում և ֆինանսների նախարարությունում գտնվող կենտրոնական սերվերին փոխանցում է տվյալ պահին բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումներին վերաբերող տվյալներն ու գործողությունները և տրամադրում բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ են տալիս հսկել ֆինանսական տվյալները և հայտնաբերել կեղծիքները ամբողջ ցանցով մեկ:

Երկկողմ համաձայնության արդյունքում կստեղծվի նաև «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերություն` 50%-50% մասնաբաժիններով, որն էլ «Ամայա գեյմինգ գրուպ»-ի ներդրումներով կկազմակերպի վիճակախաղ: Վիճակախաղից ստացված շահույթը հավասարապես կբաշխվի Հայաստանի Հանրապետության և «Ամայա գեյմինգ գրուպ»-ի միջև: Պետական վիճակախաղը կկազմակերպվի միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան: