13 նոյեմբերի 2011 - 17:17 AMT
EURO-2012 վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևի «Ուկրաինա» պալատում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երևանյան ժամանակով 21:00-ին մեկնարկող վիճակահանության արարողության 50-րոպեանոց եթերը կհեռարձակվի նաև Կիևի Անկախության Մայդանում, որտեղ կհավաքվեն ուկրաինայն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը: Վարշավայում և Կիևում արարողությունը կավարտվի մեծ համերգներով, որոնց կմասնակցեն լեհական, ուկրաինյան և արտասահմանյան կատարողներ:

Վիճակահանությունը չորս խմբերում, ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, անցկացվում է հակառակ կարգով (բացառությամբ առաջին զամբյուղի): «Միասին ստեղծում ենք պատմություն» կարգախոսի ներքո կայանալիք եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արարողությունը ՈՒԵՖԱ-ում համարում են վարկանիշով երրորդը եզրափակիչ հանդիպումից և EURO-2012 բացման հանդիպումից հետո:

Երկու մայրաքաղաքներում արարողության նախապատրաստական աշխատանքների և քաղաքների զարդարման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Եվրոպական ֆուտբոլային միությունը:

Արդեն հայտնի է, որ կիևյան արարողությանը հրավիրված են մոտ 700 պաշտոնական հյուրեր, այդ թվում՝ ֆուտբոլի ֆեդերացիաների, եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ֆուտւբոլային աստղեր: Մասնավորապես, Կիևում վիճակահանությանը ներկա կգտնվի նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: