14 նոյեմբերի 2011 - 20:46 AMT
Իսակովի պողոտայի հեծանվահրապարակի հարևանությամբ կկառուցվի վերգետնյա անցում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը շրջայցի ընթացքում այցելել և ծանոթացել է մայրաքաղաքի մուտքերի բարեկարգման և կանաչապատման ծրագրով արդեն պատշաճ տեսք ստացած Արգավանդի տրանսպորտային հանգույցի և նոր միջնաշերտ ունեցող Բաբաջանյան փողոցի հարակից տարածքներում կատարված աշխատանքներին: Ներկրված սևահողում ցանվել է սիզախոտ, ինչի արդյունքում արդեն գարնանը տարածքը կանաչ տեսք կունենա: Վերոհիշյալ հատվածներում անցկացվել է նաև ոռոգման ցանց:

Իսակովի պողոտայում կառուցված հեծանվահրապարակի նպատակային նշանակության բնույթից ելնելով` մարզակառույցը շահագործման հանձնելուց հետո քաղաքապետարանի համապատասխան կառույցներին հանձնարարվել է մշակել ու ներկայացնել պողոտայի տվյալ հատվածում վերգետնյա անցում կառուցելու նախագիծ: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խնդիրը ներառել 2012 թվականի համայնքային բյուջեի նախագծում` որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց: