16 նոյեմբերի 2011 - 14:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր երեկոյան մեկնարկում է Armnet Awards 2011 մրցույթին մասնակցել ցանկացող կայքերի գրանցումը

Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա երկրորդ Armnet 2011 միջոցառումը։ Այսօր պաշտոնապես այս մասին հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։

Armnet-ի նպատակն է հայկական վեբ միջավայրի զարգացումը և խրախուսումը։ «Անցյալ տարի Armnet-ի շնորհիվ բացահայտվեցին նոր պորտալներ, որոնք հիանալի նախագծեր էին։ Այս տարի ևս ցանկանում ենք խրախուսել և գնահատել նման նորաստեղծ և հաջող կայքերին»,-նշեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

SPMS ընկերության ներկայացուցիչ և Armnet 2011-ի համակարգող Ժիրայր Թերզյանը ներկայացրեց այս տարի Armnet-ի շրջանակներում կայանալիք միջոցառումները և փոփոխությունները նախորդ տարվա հետ համեմատ։

«Այս տարի Armnet-ի շրջանակներում կանցկացվի երեք միջոցառում՝ «Armnet Awards 2011» հայկական ինտերնետ կայքերի մրցույթը դեկտեմբերի 3-ին, Armnet կոնֆերանսը, որի խորագիրն է «Նորագույն միտումներ.շարժական ինտերնետ, ամպային տեխոնոլոգիաներ»։ Եվ երրորդ միջոցառումը «Start-Up Weekend Yerevan»-ն է, որն անցյալ տարի չկար։ Start-Up Weekend-ի նպատակն է լինելու հավաքել ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք 3 օրում կներկայացնեն գաղափարներ և նախագծեր և կիրականացնեն դրանք»,-նշեց Ժիրայր Թերզյանը։

«Armnet Awards 2011» մրցանակաբաշխությունն ունենալու է 8 անվանակարգ՝ Դիզայն և հարմարավետություն, Տարվա նորարարություն, Տեխնիկական կատարում, Լավագույն բովանդակություն, Տարվա առաջըթաց, Գլխավոր մրցանակ, Orange-ի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ լուծում կայքի համար և Ժողովրդական ընտրություն։

Բոլոր անվանակարգերում 12 հոգուց բաղկացած ժյուրին կընտրի լավագույն նախագծերը, միայն «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում լավագույնին կընտրի հանրությունը SMS քվերակրությամբ՝ 10-41 կարճ համարին՝ նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ համարը։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օնլայն armnetawards.am կայքում գրանցեն իրենց կայքը։ Մասնակցության համար կայքերը պետք է համապատասխանեն 3 պայմաններից առնվազն 2-ին։ Դրանք են՝ նախատեսված լինեն հայկական շուկայի համար, ներկայացնեն Հայաստանի, հայերի, սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները և այլն և երորդ պայմանն է՝ ամբողջովին նախագծված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից։

Կայքերի գրանցումը մեկնարկում է այսօր երեկոյան ժամը 18։00-ից և ավարտվում նոյեմբերի 27-ին նույն ժամին։ Մասնակցության և գրանցման մանրամասներն առկա են մրցանակաբաշխության կայքում։

Ժյուրիի կազմում են Begun ընկերությունից Դմիտրի Դանիլենկոն, Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, France Telecom-ից Թոմաս Կոլերը, Artviko-ից Յարոսլավ Գրեշլիովը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։

ՖՈՏՈՇԱՐՔ