17 նոյեմբերի 2011 - 12:18 AMT
Քեթրին Էշթոն. Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի

Հայաստանը իրոք եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

«Մենք ողջունում ենք Հայաստանում իրականացվող եվրաինտեգրման գործընթացի զարգացումը և բարեփոխումները», նշեց Էշթոնը, հույս հայտնելով, որ առաջիկայում բանակցությունները կակտիվանան: Էշթոնը նշեց, որ ազատ արևտրի գոտու ստեղծումը, չնայած եվրագոտու ճգնաժամին՝ դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: «Ինչ վերաբերվում է վիզային ռեժիմի, մենք չենք հետաձգում այդ գործընթացը, ուղղակի դեռ շատ բան պետք է իրականացնել նպատակին հասնելու համար»,-ասաց նա:

Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ամրապնդել հարաբերությունները ԵՄ հետ, ընդգծելով երկկողմանի հարաբերությունների դրական դինամիկան:

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը սկսվեց նոյեմբերի 15-ին Ադրբեջանից: Նոյեմբերի 16-ին Էշթոնը այցելեց Թբիլիսի, որից հետո նոյեմբերի 17-ին ժամանեց Երեւան: