17 նոյեմբերի 2011 - 20:51 AMT
Անջեյ Կասպրշիկը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրադրությունը կայուն է համարում

Ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում` Թափգարաղոյունլու գյուղի հարավ-արևմուտքում իրադրությունը հանգիստ է, հաղորդել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Չի կարելի ասել, որ ներկա պահին որևէ զգալի խախտումներ են տեղ գտնում: Իրադրությունն այնքան էլ լավը չէ, բայց կայուն է»,- ասել է Կասպրշիկը` նկատելով, որ չնայած դրան, ինքը գոհ չէ իրադրությունից, քանի որ դեռևս մարդկային կորուստներ են արձանագրվում: «Գյուղի խորքում բնակիչները հանգիստ են ապրում,- ասել է Կասպրշիկը:- Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ զորքերի շփման գծի մոտակայքում գտնվելը մարդկանց մոտ լարվածություն է առաջացնում: Եվ դա զարմանալի չէ, որովհետև ցանկացած պահին կարող է փոխհրաձգություն սկսվել, և կարող են մարդիկ տուժել: Ես շատ եմ ցավակցում նրանց»:

Կասպրշիկը հույս է հայտնել, որ կհաջողվի հաղթահարել շփման գծի մերձակայքում բնակվող խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը և նպաստել խախտումների նվազմանը, հաղորդում է 1news.az-ը: