18 նոյեմբերի 2011 - 17:43 AMT
ԵԱՀԿ մոդել համաժողովին ուսանողները կփորձեն կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջոցներ գտնել

Այսօր Երևանում մեկնարկած երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում Հայաստանի մոտ 60 ուսանողներ սկսեցին քննարկել և բանակցել գլոբալիզացված աշխարհում կիբերանվտանգության կարևորությունը և ԵԱՀԿ հնարավոր գործողությունները: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:

ԵԱՀԿ մոդել համաժողովը սիմուլյացիոն խաղ է, որի ընթացքում ԵԱՀԿ որոշում կայացնող գլխավոր մարմնի` Մշտական խորհրդի աշխատանքը կրկնօրինակվում է ուսանողների կողմից, որոնք խաղում են ԵԱՀԿ մասնակից պետությունների և մարմինների ներկայացուցիչների դերերը: Նախաձեռնության նպատակն է կրթել ուսանողներին ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն տալ գործնականում անմիջականորեն փորձարկելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:

Այս անգամ համաժողովի երկուօրվա ընթացքում մասնակիցները կքննարկեն և կառաջարկեն մի շարք գործողություններ, որպեսզի լուծեն «Ստվեր» ինտերնետային խմբավորման կողմից առաջացած մարտահրավերը, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը` զգալի վնաս հասցնելով ԵԱՀԿ հիպոթետիկ մասնակից պետություններին` Կարտոնիային, Սայլանդիային և Լոտիկոյին:

«Մեր փոխկապակցված աշխարհում ԵԱՀԿ մասնակից պետությունների մարդիկ և հաստատություններն ամեն հարցում ապավինում են ինտերնետին: Մենք ակնկալում ենք լսել նորարարական գաղափարներ և թարմ տեսակետներ կիբերսպառնալիքներին հակազդելու հնարավոր ուղիների վերաբերյալ. հարց, որը գտնվում է ԵԱՀԿ օրակարգի թիրախում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:

Համաժողովից առաջ մասնակիցներն անցել են հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացներ, ինչպես նաև մասնակցել են ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ու կիբերհանցագործությունների մասին թեմատիկ սեմինարների:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն անց է կացնում ԵԱՀԿ մոդել համաժողովներ սկսած 2008թ.: