Նոյեմբերի 18-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ՀՀ Ազգային Ժողովում հյուրընկալել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 30-ից ավել ուսանողների: Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները համառոտ ներկայացրել են ԱԺ-ում իրենց գործունեության վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն և պատասխանել երիտասարդներին հուզող տարբեր հարցերին, որոնք առնչվում էին քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական և այլ խնդիրներին:
Ուսանողների հարցերը հիմնականում ուղղված են եղել կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և վերաբերում էին արտագաղթին, քաղաքական և ազգային փոքրամասնություններին, արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև` խորհրդարանական գործունեությանը, այդ թվում` «Ժառանգության» ներկայացրած օրենսդրական նախագծերին:
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի էապես մեծացնել երիտասարդների ներգրավվածության աստիճանը քաղաքական գործընթացներում: