2009թ. հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրություններն արդեն քննարկվել են Թուրքիայի խորհրդարանում, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրեց փաստաթղթերը խմբակցություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվելու Թուրքիայի խորհրդարանում:
«Եթե Բոսկիրը չգիտի, որ արձանագրություններն արդեն իսկ քննարկվել են իրենց խորհրդարանում, ապա թող ստուգի արխիվները»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ պետք չէ ակնկալել, որ Անկարայի դիրքորոշումը կփոխվի առանց արտաքին միջամտության: «Մեր կողմից պարզամիտ կլիներ նման զարգացումներ ակնկալել, քանի որ հայտնի է, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում»,-ասել է նա:
Ընդ որում Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ նման հայտարարությամբ Բոսկիրը վնասում է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, քանի որ «մենք բոլորս արդեն տեսանք, որ այդ հարցում Անկարան արդեն բազմիցս է հայտնվել բարդ իրավիճակում և ստիպված է եղել տարբեր բացատրություններ տալ»:
Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:
2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: